• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթի» 1-2 «Վեստ Հեմ» խաղի վերլուծությունը

WHUՊրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Վեստ Հեմ Յունայթեդը» կարողացավ կանգնեցնել առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավը։ Այժմ փորձենք վերլուծել ընթացիկ մրցաշրջանի թերևս ամենադիտարժան խաղը։

«Մանչեսթեր Սիթի» 1-2 «Վեստ Հեմ»

Գոլեր․ Մոզես՝ 6ր, Սախո՝ 31ր, Դե Բրյույնե՝ 45ր

«Վեստ Հեմի» համար սա 3-րդ անընդմեջ արտագնա հաղթանակն էր այս մրցաշրջանում: Սրանից առաջ լոնդոնյան ակումբը հաղթել էր «Արսենալին» և «Լիվերպուլին»: Ֆենոմենալ արդյունք, որին կարելի է միայն նախանձել: Սլավեն Բիլիչի թիմն իրեն հիանալի դրսևորեց «Սիթիի» դեմ խաղում և արժանիորեն վաստակեց 3 միավոր: Իսկ ահա «Մանչեսթեր Սիթին» երևում է՝ դեռ ուշքի չէր եկել Չեմպիոնների Լիգայում «Յուվենտուսից» կրած պարտությունից։

Մեկնարկային կազմերը

«Սիթին» լուրջ կադրային կորուստներ ուներ: Բացակայում էին Կոմպանին, Նասրին և Սիլվան: Այս խաղում իրենց նորամուտը նշեցին Օտամենդին և Դե Բրյույնեն: Վերջինս Սիլվայի բացակայությամբ խաղում էր 10 համարի դիրքում, իսկ Ստերլինգն ու Նավասը` եզրերում:

City

«Վեստ Հեմի» կազմում բացակայում էր Շեյխու Կույատեն:

West

Խաղն ակտիվ սկսեցին Սլավեն Բիլիչի սաները: Հենց այդ ակտիվությունը արդեն 6-րդ րոպեին տվեց իր արդյունքը: Բազմաքայլ դիրքային գրոհը հեռահար հարվածով գոլի վերածեց Վիկտոր Մոզեսը:

Moses

Գոլից հետո «Վեստ Հեմը» շարունակեց նույն տեմպով, բայց ավելի շատ շեշտը դնելով հակագրոհների վրա: Միևնույն ժամանակ Պելլեգրինիի սաները ժամանակի մեծ մասը տիրում էին գնդակին: Բավականին ակտիվ էր «քաղաքայինների» հարձակման ձախ եզրը: «Մանչեսթեր Սիթիի» խաղի թերություններից մեկն էլ պրեսինգի բացակայությունն էր: Հենց այդ պատճառով էլ «Վեստ Հեմի» ֆուտբոլիստները կարողանում էին պաշտպանությունից ազատ դուրս գալ հարձակման: Հանդիպման 31-րդ րոպեին «Վեստ Հեմն» անկյունային հարվածի իրավունք ստացավ: Պայետի փոխանցումից հետո Ռիդը հարվածեց մրցակցի դարպասի հեռավոր անկյան ուղղությամբ, որտեղ հերթապահում էր իր թիմակից Պեդրո Օբիանգը, ով կառչելով գնդակից փորձեց հարվածել, բայց…. այդ խառնաշփոթ իրավիճակում ամենալավը կողմնորոշվեց Սախոն, ով էլ գնդակն ուղարկեց Ջո Հարտի պաշտպանած դարպասը: Այս բաց թողած գոլի մեջ իր մեղքի բաժինն ունի «Սիթիի» եզրային պաշտպան Ալեքսանդր Կոլարովը: Վերջինս աչքաթող էր արել Ուինսթոն Ռիդին: Փաստացի հենց Ռիդի hարվածից էլ ծնվեց այս գոլը:

City

«Մանչեսթեր Սիթին» բաց թողած 2-րդ գոլից հետո փորձեց ավելի մեծացնել ճնշումը մրցակցի դարպասին: Մի քանի դրվագներում իրեն հիանալի դրսևորեց «Վեստ Հեմի» դարպասապահ Ադրիանը: Այնուամենայնիվ լոնդոնցիները կարողացան մեկ հակագրոհ կազմակերպել, որի արդյունքում Ջո Հարտի դեմ մեն-մենակ դուրս եկավ Դիաֆրա Սախոն, սակայն չկարողացավ արդյունավետ հարված կատարել: Այդ դրվագից հետո այս խաղում իր խոսքն ասաց «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Կևին Դե Բրյույնեն: Դաշտի կենտրոնական հատվածում գնդակ ստանալով՝ Ագուերոն իր վրա սևեռեց «Վեստ Հեմի» 3 ֆուտբոլիստների և նկատելով ազատ տարածություն ստացած Դե Բրույնեին` փոխանցեց բելգիացուն, ով էլ շեշտակի հարվածով գրավեց Ադրիանի պաշտպանած դարպասը:

City

1: 2 և թիմերը գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» կազմում փոփոխություն տեղի ունեցավ: Էլյակիմ Մանգալայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարտին Դեմիկելիսը: Թիմի տակտիկական դասավորությունը չփոխվեց, քանի որ պաշտպանին փոխարինեց պաշտպան:

Երկրորդ խաղակեսում և ընդհանրապես ամբողջ խաղի ընթացքում դաշտում լավագույնն էր «Վեստ Հեմի» դարպասապահ Ադրիանը: Այն, ինչ անում էր «մուրճագործների» դարպասապահն այս հանդիպման ընթացքում, արժանի է գովեստի:

Բայց միևնույն ժամանակ պետք է արժանին մատուցել նաև լոնդոնյան թիմի պաշտպաններին: Պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Ուինսթոն Ռիդը: Մեծ ծավալի աշխատանք կատարեցին նաև Պայետն ու Սախոն: Եվ առհասարակ, «Վեստ Հեմմ» ամբողջ թիմով հիանալի խաղ ցուցադրեց:

Գեղեցիկ կոմբինացիաներ. մեկ հպումով կամ կրունկով փոխանցումներ, պատ խաղարկումներ։ Սրանք իհարկե գեղեցիկ են նայվում, բայց զրոյանում են, երբ չես կարողանում դրական արդյունքի հասնել: Հենց այդպես էլ եղավ «Մանչեսթեր Սիթիի» դեպքում: Այս ամբողջ հանդիպման ընթացքում «Սիթիի» ֆուտբոլիստների կազմակերպած գրեթե ցանկացած գրոհ ավարտվում էր կա՛մ Ադրիանի գեղեցիկ ու անհավանական սեյվով, կա՛մ «Վեստ Հեմի» պաշտպանների անձնուրաց սահանկումներով, որոնց օգնությամբ փակում էին մրցակցի հարվածների ճանապարհը:

«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ խուսափել պարտությունից: Չնայած դրան, թիմի երկրպագուներն ուրախանալու լուրջ առիթ ունեն: Խոսքս թիմի նորեկներ Նիկլաս Օտամենդիի և Կևին Դե Բրյույնեյի մասին է: Արգենտինացի կենտրոնական պաշտպանը հանդիպման ընթացքում 1 խաղակես անցկացրեց Մանգալայի և 1 խաղակես Դեմիկելիսի հետ: Երկու դեպքում էլ լավագույնը Օտամենդին էր: Նա լավ համապատասխանում է «Սիթիի» խաղաոճին: Կարողանում է կատարել առաջին փոխանցում, ինչը շատ կարևոր է կենտրոնական պաշտպանի համար:

Եվ քանի որ, «քաղաքայինների» մրցակիցները հաճախակի ամբողջ կազմով փորձում են պաշտպանվել, այստեղ Օտամենդիի որակները բավականին օգտակար կլինեն: Նա լավ է խաղում նաև գլխով: Այս հանդիպման ընթացքում, մենք դրանում համոզվեցինք:

Otamendi

Կևին Դե Բրյույնեի մասին կարելի է անվերջ խոսել: Անսահման տաղանդով օժտված ֆուտբոլիստ, որը չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն իսկ թոփ մակարդակի խաղ է ցուցադրում:

Այս հանդիպման ընթացքում բելգիացին բավականաչափ ակտիվ էր: Անընդհատ տեղաշարժվում էր, փորձում ազատ գոտիներ գտնել իր և խաղընկերների համար: Whoscored կայքը հենց Դե Բրույնեին է ճանաչել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա վիճակագրությունը «Վեստ Հեմի» դեմ խաղում իրոք տպավորիչ է՝ 4 հարված` 1-ը դարպասին, 1 գնդակի խլում, 70 փախանցում` 81 % ճշգրտությամբ, 1 խփած գոլ, 3 վաստակած անկյունային, 3 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել է մրցակիցներին և կատարել է 4 առանցքային փոխանցում:

Այս խաղի ընթացքում Դե Բրյույնեն մե՛կ հայտնվում էր հարձակման ձախ եզրում, մե՛կ աջ: Երբեմն նահանջում էր և փորձում խորքից կազմակերպել իր թիմի գրոհները:

Ամփոփելով այս խաղը, պետք է նշել, որ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը կարողացել է ստեղծել մարտունակ կոլեկտիվ, որի խաղային մոդելը բավականին պարզ է, բայց արդյունավետ: Թիմային խաղ, որտեղ թիմի ցանկացած ֆուտբոլիստ անընդհատ գտնվում է շարժման մեջ: Սլավեն Բիլիչի հետ «Վեստ Հեմը» սկսել է ավելի շատ զբաղվել դիրքային գրոհների կազմակերպմամբ: Դա չի նշանակում, որ թիմը հրաժարվել է իր նախկին բրիտանական խաղաոճից, որի ժամանակ կարևոր բաղկացուցիչ մաս էին կազմում բարձրից կատարված փոխանցումները դեպի տուգանային հրապարակ: Բիլիչը փորձում է հենց այս երկու խաղային մոդելները միավորել` թիմի խաղում բազմազանություն ստանալու համար: Ինչպես երևում է նրա մոտ ամեն ինչ ստացվում է:

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի